ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ավարտվեց խաղաղ երթն՝ ի պաշտպանություն Ռուսաստանում կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանի: Երթին մասնակցում էին քաղաքական և մշակույթի գործիչներ, Լևոն Հայրապետյանի մտերիմներն ու հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միացել էին խաղաղ երթին: Երթի մասնակիցների պահանջն էր փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրների պատճառով չի կարողանալ կալանավայրում:
Երթի մասնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որպես քաղաքացի է մասնակցում երթին: «Լևոն Հայրապետյանը անհատականություն է, որին մեր հանրությունը գնահատում է, կարևորում է և, ամենակարևորը, սիրում է: Մարդը եղել է իր երկրի ժողովրդի կողքին և, բնականաբար, այսօր էլ վայելում է հանրության աջակցությունը»,- նշեց Վարդանյանը:
Սիրված դերասան Միքայել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ հարուստներ կան, սակայն երբ նրանցից զատում ես այդ փողը, տակը ոչինչ չի մնում: «Լևոն Հայրապետյանն այն հայերից է, որը մեր մշակութային արժեքների կրողն է: Նա բոլորին ձեռք է մեկնել: Այսօր սա ամեն հայի արժանապատվության խնդիրն է: Մենք պետք է լուծենք այս հարցը: Չտա Աստված, որ Լևոնի առողջությունն ավելի վատանա»,- ասաց նա:
Երթի մասնակիցները «Ազատություն Լևոն Հայրապետյանին», «Փոխել խափանման միջոցը», «Ազատություն մեծ հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանին», «Կասեցնել մարդու իրավունքների խախտումը» և նմանատիպ պաստառներով Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից շարժվեցին դեպի նախագահական նստավայր, որտեղ ՀՀ նախագահին փոխանցեցին իրենց նամակը, որով պահանջում էին միջնորդել, որպեսզի փոխվի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, քանի որ նա մշտական բժշկական հսկողության կարիք ունի, իսկ կալանավայրում չի կարող ստանալ բժշկական պատշաճ օգնություն:
Երթի մասնակիցները նմանատիպ բովանդակությամբ նամակներ փոխանցեցին նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալդանդյանին:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում, ենթադրվում է, ներգրավված է եղել< /i> նաև Հայրապետյանը և այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օգնության ձեռք մեկնել Լևոն Հայրապետյանին: