Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019)։ Համաժողովի ավարտն ազդարարվեց հոկտեմբերի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին։ «Մինչև փակման արարողությունը սկսելը, ցանկանում եմ ասել, որ դուք հրաշալի էիք։ Մենք վերադառնալու ենք տուն այս ամենի ավարտից հետո, սակայն այս օրերին տեղի ունեցածը պահելու ենք մեր սրտում հավետ»,- ասաց Պոիզան։
«WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Հայաստանի տեխնոլոգիական համայնքին և միջոցառմանն աջակցող կամավորներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու լսարանին։ «Ես կարծում եմ, որ միջոցառումը շլացուցիչ էր, և մենք արեցինք ավելին»,- ասաց Ավինյանը։