Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը փետրվարի 10-ին ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քննարկումները ծավալվել են նոր գաղափարների շուրջ, որոնք առաջարկում է դա Միստուրան Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ:

 

 

Հանդիպմանը ներկա էր Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին:

 

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ստեֆան դե Միստուրան ժամանել է Դամասկոս՝ հանդիպումներ ունենալու սիրիացի պաշտոնյաների հետ:

 

 

Ստեֆան դե Միստուրան բարձր է գնահատել Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հունվարի 26-ից 29-ը տեղի ունեցած հանդիպումները:

 

 

ՄԱԿ-ի բանագնացը նախորդ ամիսների ընթացքում Սիրիա կատարած այցելության ժամանակ առաջարկել էր դադարեցնել կրակը Հալեպում: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն առաջարկը համարել է լուրջ նախաձեռնություն, որն անհրաժշետ է ուսումնասիրել:

 

 

Մոսկվայում կայացած հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: