Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան շարունակում է բանակցություններ վարել Հալեպում տեղական հաշտեցման գործընթացն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանագնացը մտադիր է Արաբական երկրների լիգայի մայիսի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկել այդ հարցը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ֆարհան Հակը նշել է, որ այժմ չեն կարող տեղեկություն տալ բանագնացի նախաձեռնության իրականացման առաջընթացի մասին՝ ավելացնելով, որ Դե Միստուրան շարունակում է ջանքեր գործադրել Հալեպում ռազմական գործողությունները «սառեցնելու» համար:
Նրա խոսքով' ԱԵԼ-ի գագաթանաժողովը կկայանա եգիպտական Շարմ ալ Շեյխ քաղաքում:
Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: Քաղաքը բաժանվել է երկու մասի. արևմտյան թաղամասերը գտնվում են սիրիական բանակի, իսկ արևելյանը՝ մոտ 20 զինված խմբավորումների հսկողության տակ:
Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությունը հավանության է արժանացել սիրիական կառավարության կողմից, անգամ տեղեկություններ են հաղորդվել Հալեպում վեց շաբաթով կրակը դադարեցնելու մասին, ինչը չի կարելի ասել ընդդիմադիրների մասին: