Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը փետրվարի 11-ին ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց, իտալացի դիվանագետ Ստեֆան դե Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում դրական և կառուցողական միջավայրում հանգամանորեն քննարկվել է Դե Միստուրայի ծրագիրը Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ:

 

 

Նախագահ Ասադը նշել է, որ Սիրիան աջակցում է ցանկացած նախաձեռնության և գաղափարների, որոնք ուղղված են ճգնաժամի լուծմանը՝ պահպանելով բնակիչների կյանքը: Ապա շեշտել է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել բոլոր երկրների վրա, որպեսզի դադարեցվի ահաբեկիչների զինումը, ֆինանսավորումը և արգելվի նրանց մուտքը Սիրիայի տարածք:

 

 

Հանդիպմանը ներկա էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը, նախագահի խորհրդական Բասինա Շաաբանը, արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, արտգործնախարարի խորհրդական Ահմադ Արնուսը:

 

 

Դե Միստուրան լրագրողներին հայտնել է, որ Դամասկոսում քննարկել է իր առաջարկը' Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ՝ ավելացնելով, որ հավելյալ տեղեկություններ քննարկման մասին չի կարող տրամադրել: Նա հակված է իր նախաձեռնությամբ թեթևացնել սիրիական ազգի բռնությունները և մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին:

 

 

Բանագնացը նաև նշել է, որ զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կմասնկացի Սիրիայի վերաբերյալ փետրվարի 17-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

 

 

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը ընդունել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությայնը:

 

 

Մոսկվայում կայացած հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: