Միջազգային պայքարը «Իսլամական պետության» դեմ հնարավոր է միայն Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան' «Ստամպա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով' ինքը հանդիպել   Սիրիայի Նախագահին և երկխոսություն է վարում նրա հետ, և պետք է հաշվի առնել այդ ամենն, ինչն էլ կօգնի դուրս գալ ճգնաժամից:

 

 

«Նախագահ Ասադը վերահսկում է երկրի կեսից ավելիի տարածքները և բնակչությունը: Նրա տրամադրության տակ են գտնվում բանակը և ավիացիան, ինչը վերջնական արդյունքում կարևոր է բռնության դադարեցման համար: Սակայն, բացի կառավարական ուժերից, անհրաժեշտ է բանակցել տարբեր խմբավորումների հետ, և ես հույս ունեմ, որ կառավարության և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը կարող է օգնել բնակչությանը»,- նշել է դիվանագետը:

 

 

Նա նաև ավելացրել է, որ Սիրիայում չի կարելի կիրառել Լիբիայի փորձը, քանի որ նախկին փորձերը ցույց են տալիս, որ չպետք է ոչնչացնել կառավարական ուժերը:

«ԻՊ-ն քաղաքական «էբոլա» է, այն ծաղկում է և օգտվում է հակամարտություններից տուժած պետություններից»,- հավելել է Դե Միստուրան:

 

 

Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ Դամասկոսը պատրաստ է դադարեցնել կրակը Հալեպում: Ստեֆան դե Միստուրան հուսով է, որ դժվարությամբ, սակայն կկարողանա իրականացնել Հալեպում կրակի դադարեցման իր ծրագիրը: