Միջսիրիական բանակցությունները, որոնք նախատեսված է անցկացնել հունվարի 26-ից 29-ը, կարող են դառնալ միջսիրիական բանակցությունների սկիզբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
Ելույթ ունենալով Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսին' նա ողջունել է մոսկովյան նախաձեռնությունը՝ նկատի ունենալով, որ այդ քայլերը կարող են սկիզբ լինել երկխոսության համար սիրիական ընդդիմության տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմադիրների և սիրիական կառավարության միջև, և այն կորոշի հետագա քննարկումների ձևաչափերը:
Ստեֆան դե Միստուրայի խոսքով' անհրաժեշտ է նպաստել քաղաքական գործընթացին, քանի որ դա ճգնաժամի լուծման միակ տարբերակն է: «Անհրաժեշտ է կոնկրետ ազդանշան»,- նշել է բանագնացը՝ ավելացնելով, որ այս տարի պետք է ցույց տալ, որ կողմերը վճռական են տրամադրված: Դիվանագետի խոսքով' ազդանշանը կարող է լինել Հալեպում ռազմական գործողությունների դադարեցումը: Նա մտադիր է առաջիկա օրերին մեկնել Դամասկոս՝ քննարկելու Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ մոսկովյան բանակցություններից սիրիական ընդդիմադիր ուժերի հրաժարման դեպքում նրանք կկորցնեն իրենց դիրքերը բանակցային ողջ գործընթացում: