Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ ամսվա վերջին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Նախատեսված է, որ հանդիպումները կշարունակվեն 4 օր:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման համար հրավերներ կուղարկվեն սիրիական ընդդիմության շատ ներկայացուցիչների:
Ռուսաստանի ԱԳ Սերգեյ Լավրովը վերջերս նշել էր, որ միջսիրիական երկխոսության հնարավորությունները սիրիական ճգնաժամի լուծման տեսանկյունից բարելավվում են:
Սիրիայի կառավարության և ընդդիմության միջսիրիական բանակցություններն ավարտվել էին 2014թ. փետրվարին՝ այդպես էլ մեծ արդյունքներ չգրանցելով:
Այժմ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր բանագնաց իտալացի դիվանագետ Ստեֆան դե Միստուրան փորձում է հարմար դաշտ ստեղծել բանակցությունների վերսկսման համար: Այդ նպատակով քայլեր են ձեռնարկվում նախ Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: