Սիրիայի ընդդիմության և կառավարության հաջորդ հանդիպմանն առավել մանրամասն կքննարկվի քաղբանտարկյալների և ընդդիմության կողմից առևանգված անձնանց ազատ արձկաման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Ռիհադ Հադադը՝ ավելացնելով, որ իրենք դեռ որևէ ցանկ չեն ստացել առևանգվածների և քաղբանտարկյալների վերաբերյալ, սակայն այդ թեման քննարկվել է խորհրդակցության ժամանակ: «Այն կլինի խորհրդակցությունների հաջորդ փուլի օրակարգի դրույթը»,- նշել է նա:

 

Դիվանագետի կարծիքով' մոսկովյան «դաշտում» անհրաժեշտ է ևս 2-3 հանդիպում սիրիական կառավարության և ընդդիմության միջև, որպեսզի պայմանավորվեն բանակցությունների հետագա ձևաչափի մասին, որից հետո գործընթացը հնարավոր է շարունակվի Դամասկոսում:

 

Մոսկվայում կայացած հանդիպումներն ավարտվել են հունվարի 29-ին, որոնց ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային է Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: