ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել քննարկումները Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ և ցանկանում է տեղեկանալ, թե ինչպիսի նպատակներ են հետապնդում Մոսկվայում նախատեսվող սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին: Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սիրիական կարգավորման հարցը քննարկել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, և քննարկումներն այդ թեմայով շարունակվելու են:

 

Պսակիին հետաքրքրել է, թե ինչ ձևաչափով է Մոսկվայում կայանալիք հանդիպումն անցկացվելու, որոնք են հանդիպման նպատակները:

 

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ Ռուսաստանը կցանկանար նման հանդիպում կազմակերպել, սակայն դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Նրա խոսքով' Մոսկվան աշխատում է սիրիական ընդդիմադիր տարբեր խմբերի, մշտապես կապի մեջ է Սիրիայի կառավարության հետ՝ փորձելով դրանց բերել երկրի և ազգի շահերից բխող համատեղ աշխատանքի հասկացողության:

 

Նախարարը նաև ավելացրել է, որ Մոսկվայի հանդիպումը լայնամասշտաբ չի լինելու ինչպես «Ժնև-2»-ն էր:

Մոսկվայում կայանալիք հանդիպումով հետաքրքրված է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: