Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտների դեմ ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի մասնակցությունը հնարավոր Է միայն Սիրիայի կառավարության համապատասխան խնդրանքն ստանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

 

Սեպտեմբերի 26-ի երեկոյան խորհրդարանը քվեարկելու է Իրաքում «Իսլամական պետության» օբյեկտների դեմ ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցի շուրջ: ԱՄՆ-ը Իրաքի տարածքին հարվածներ է հասցնում օգոստոսի կեսից, իսկ վերջերս, արաբական հինգ երկրների հետ միասին, համանման գործողություն Է սկսել Սիրիայում:

 

Ինչպես սպասվում Է, բրիտանական խորհրդարանը կպաշտպանի երկրի մասնակցությունը Իրաքի գործողությանը, քանի որ բոլոր երեք կուսակցություններն արդեն աջակցություն են հայտնել այդ գաղափարին:

 

«Մենք կցանկանայինք տեսնել կայուն Իրաք եւ ժամանակի ընթացքում՝ նաեւ կայուն Սիրիա… Եթե «Իսլամական պետությանը» թույլ տանք ընդլայնվել ու բարգավաճել, Մեծ Բրիտանիայի համար վտանգը կմեծանա»,-ասել Է Քեմերոնը:

 

Վարչապետը նշել Է, որ Իրաքի կառավարությունը եւ քրդերի ղեկավարները պարզորոշ հասկանալ են տվել, որ իրենց հարկավոր Է Մեծ Բրիտանիայի օգնությունը, եւ դրա հիման վրա ինքը խնդրում Է ավիահարվածներին մասնակցելուն խորհրդարանի համաձայնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: