Վաշինգտոնին անհրաժեշտ չէ ՄԱԿ-ի համաձայնությունը Սիրիայի տարածքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորմանն օդային հարվածներ հասցնելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը: Նրա խոսքով, Իրաքը միջազգային հանրությանը խնդրել է պաշտպանել իրեն ԻԼԻՊ-ից: «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ մենք ունենք իրավական հիմք հարված հասցնելու համար, եթե նախագահը համապատասխան որոշում ընդունի»,- նշել է նա:
Ավելի վաղ Օբաման ստորագրել էր Սիրիայի Ազատ բանակին զինելու թույլտվության փաստաթուղթը: Համաձայն փաստաթղթի՝ ԱՄՆ-ը 500 միլիոն դոլար կտրամադրի Ազատ բանակին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին կրկին հաստատել է, որ իր երկիրը չի մասնակցելու ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: Այն իր օգնությունն Իրաքի հյուսիսային տարածքներին տրամադրել է զենքի տեսքով:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դե պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ նրանք առկա են, այդ թվում' նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ: