Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ քննարկել է վերջերս մի քանի երկրներ կատարած այցելությունների արդյունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սիրիական ճգնաժամի լուծման իր առաջարկի վերաբերյալ հարցեր:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համաձայն դե Միստուրայի առաջարկի՝ նախատեսվում է Հալեպում ստեղծել «սառեցման գոտի» և պայքարել ահաբեկչության դեմ:

 

Կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

 

Նախատեսվում է դե Միստուրայի հանդիպումը նաև Սիրիայի ներքին ընդդիմության ներկայացուցիչների հետ:

 

Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ին բանագնացին և նրանց ուղեկցող պատիվիրակությանն ընդունել է նոյեմբերի 9-ին: Հանդիպմանը ներկա են գտնվել Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, արտգործնախարարի խորհրդական Ահմադ Արնուսը, բանագնացի տեղակալը և այլք:

 

Իր պաշտոնավարության ընթացքում սա դե Միստուրայի երկրորդ այցելությունն է Սիրիա: Առաջին անգամ նա Սիրիա մեկնել էր սեպտեմբերին: Իտալացի դիվանագետի նախաձեռնությամբ նախատեսվում է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև հաշտեման գործընթացը Դամասկոսից և Հոմսից տեղափոխել Հալեպ: Նա ենթադրում է ստեղծել սառեցված ռազմական գործողությունների գոտի, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի բնակչությանը:

 

Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպն այժմ բաժանված է 2 մասի՝ արևմտյան թաղամասերը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյանը գտնվում է 2 տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ: