Հալեպի բերդի մերձակայքում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ թեժ պայքար է ընթանում Դարաայում, ռմբակոծվում են մի քանի շրջաններ: Ակտիվիստների տեղեկացմամբ' ընդդիմադիրները պայթեցրել են բերդի մերձակայքում գտնվող սիրիական բանակի ռազմակետը, որի հետևանքով' տասնյակ զինվորներ են զոհվել և վիրավորվել:
Աղբյուրի տեղեկացմամբ' թեժ մարտրեր են ընթանում նաև Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի շրջաններում: Զինված բախումներ են ընթանում նաև Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում: Դարաայի շրջանում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորմանը հաջողվել է հսկողություն հաստատել կարևոր ռազմակետերից մեկի վրա: Այն գտնվում է Շեյխ Միսքին գյուղում:
Սիրիական օդուժը ռմբակոծում է Ռակկայում ԻՊ-ի դիրքերը: Դրան զուգահեռ ԻՊ-ը շարունակում է իր հանցագործությունները Սալմիա գյուղում, որը Համան բաժանում է Հալեպից և համարվում է կառավարական ուժերի տարածման գլխավոր ուղին դեպի Հալեպ և Ռակկա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ԻՊ-ի 9-ը անդամներ են սպանվել:
Տեղեկություններ կան, որ Շեյխ Միսքին գյուղում իրենց աշխատանքներն իրականացնելու ժամանակ 3 լրագրողներ են զոհվել: Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: