Սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում գտնվող Քեսաբի գյուղաքաղաքի շրջակայքում մարտի 23-ին շարունակվում են թեժ բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քեսաբի մեր աղբյուրը: Թուրքիայի սահմանի կողմից կրակոցներն անդադար են, զինյալները փորձում են ներխուժել սահմանի երկայնքով: Միևնույն ժամանակ սիրիական բանակը շարունակում է հարձակում գործել սահմանային կետերի վրա: Մինչև այժմ զոհված կամ վիրավորված հայերի մասին տեղեկություններ չեն եղել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումների ժամանակ զինված խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Քեսաբի մերձակայքում սիրիական ռազմական օդանավ է պայթեցվել: Սիրիան խստորեն քննադատել է Թուրքիայի արարքը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կա զմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։