Սիրիական բանակը թեժ մարտեր է մղում իսլամիստական խմբավորումների հետ Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղքաղաքի Ջաբալ Չալմա շրջանում: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բանակը ռմբակոծում է զինյալների հենակետերը:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:
Բացի այդ, բանակը հարձակումներ է իրականացնում Դամասկոսի մեորձակայքում գտնվող Հարասթայի շրջանում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Ռազմական գործողություններ իրականացնելու շրջանակներում Հարասթա քաղաքում հայտնաբերվել է 300 մետր երկարությամբ և 14 մետր խորությամբ թունել: Թունելը լուսավորված է եղել և տեղադրված են եղել օդափոխիչներ, այնտեղ հայտնաբերվել են տարբեր տեսակի պայթուցիկ սարքավորումներ, որոնք վնասազերծվել են:
Մյուս կողմից, շարունակվում են բախումները Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Մասնավորապես, Բուսթան ալ Կասր, Բուսթան Բաշա, Ալ Լիրմուն, Շեյխ Սայիդ թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: