Լաթաքիայի հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Քեսաբի մերձակայքում, շարունակվում են բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Քեսաբի շրջանի Այն ադ Դալբա շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել, որոն ց մեծամասնությունը սիրիացիներ չեն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Լաթաքիա քաղաքում 2 ուժգին պայթյուններ են որոտացել: Հրթիռներից մեկն ընկել է Բասաթին առ Ռիհան մզկիթի մերձակայքում, իսկ երկրորդը՝ Օթոստրադ Սաուրայի ուղղությամբ: Մինչև այժմ զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կետեր է գրավել: Սիրիական բանակը զգալի առաջխաղացում է արձանագրել Քեսաբի մեջ՝ վերահսկողություն հաստատելով Թուրքիայի հետ սահմանային Գարատուրանի ոստիկանատան վրա: Զինյալների առջև փակվել է դեպի Քեսաբ տանող ծովային միակ ճանապարհը: Ապրիլի 28-ին բանակը վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող 724 բարձունքի վրա:
Լաթաքիայի հյուսիսային Քեսաբի շրջանի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսներ ը տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: