Սիրիական բանակը Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի Բանի Զեյդ, Հայդարիա, Ալ Ինզարաթ, Սախուր, Մասաքին Հանանու, Բուսթան ակ Կասր թաղամասերում, ինչպես նաև Ժդիյդե, Քուիրս, Հասամիա, Հանդարաթ, Ռասմ Աբուդա գյուղերում և Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենք, ինչպես նաև մեքենաները:
Զինյալների դեմ պայքարը շարունակվում է Իդլեբի շրաջնում, որտեղ 35 զինյալներ են սպանվել: Իդլեբի Բաբ ալ Հաուա շրջանում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումներից մեկին պատկանող «դատարանը»:
Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Կունեյտրա շրջանի Թել Յարզան գյուղի վրա և շարունակում է ռազմական գործողությունները զինյալների դեմ: Սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Կունեյտրայի շրջանի Սամդանիա գյուղում: Ավելի վաղ տեղեկությունների էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել նաև Համայի շրջանի Մաան գյուղի վրա՝ այնտեղից վռնդելով զինյալներից:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ կառավարական օդային ուժերը շարունակում են ռմբակոծել Հալեպի թաղամասերը, ինչպես նաև Դարիա քաղաքը: Կայքի տեղեկացմամբ' «ԴԱԻՇ» խմբավորումը Ռակկա քաղաքում 8 մարդու մահապատժի է ենթարկել: