Սիրիական բանակը Հալեպի մարզի Հայդարիա, Արբիդ, Հանդարաթ, Այս, Բաբիս, Մարաա, Թել Ռաֆաաթ, Շեյխ Սայիդ, Բուսթան ալ Կասր գյուղերում ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված խմբավորո ւմներին պատկանող մեքենաներ են ոչնչացվել Հալեպի Ինզարաթ, Քասթիլիո, Շակիֆ, Հանանու, Խան ալ Ասլ թաղամասերում: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են: Կանխվել է զինյալների' Ռամուսիե թաղամասի թաղապետարանի շենք ներխուժելու փորձը:

 

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ ,Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Սիրիայում հունիսի 16-ին 95 մարդ է զոհվել: Զոհերը մասնավորապես գրանցվել են Հալեպի Սուքքարի թաղամասում վառվող նյութերով ռմբակոծությունների հետևանքով, որտեղ 45 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, ինչպես նաև Հոմսի, Դամասկոսի և Դարաայի մերձակայքում բախումների հետևանքով: Ռմբակոծության հետևանքով զոհեր գրանցվել են նաև Բայիդին, Մասաքին Հանանու թաղամասերում և Մուսկան գյուղում:

 

Մյուս կողմից զինյալները շարունակում են ռմբակոծել կառավարական ուժերի Քարամ Տուրաբ թաղամասում, բախումներ են ընթանում Միդան թաղամասում:

 

Հալեպում երկու տարուց ավելի կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև բախումները հազարավոր մարդկանց կյանք են խլել, մյուս կողմից ռմբակոծությունների և բախումների հետևանքով քաղաքը հսկայական նյութական վնասներ է կրել, ավերվել և հողին են հավասրավել հազարավոր բնակարաններ, ինչպես նաև տարբեր հաստատություններ, շինություններ, առևտրի, մշակութային կենտրոններ: