Չնայած թուրքական իշխանությունները վերջին օրերի արյունալի բախումներից հետո պարետային ժամ են հայտարարել Դիարբեքիրում, այդուհանդերձ, քաղաքում ցերեկային ժամերին ցույցերը վերսկսվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնու մ է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Ցուցարարների գործողության հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել:

 

Հոկտեմբերի 7-ի գիշերը սկսված անկարգությունները համակել են ողջ Թուրքիան: Գործողությունների արդյունքում երկրի տարբեր քաղաքներում մահացել է 18 մարդ: Ստամբուլում ծավալվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, վիրավորվել են 30-ը, որոնցից 8-ը ոստիկաններ են: Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով փողոց են հանվել անգամ տանկեր: Թուրքիայի որոշ նահանգներում պարետային ժամ է հայտարարվել: Շատ շրջաններում դպրոցներում դասերը որոշ ժամանակով դադարեցվել են: