Շիրակի մարզի Փանիկ գյուղում գործարկման են պատրաստվում կաթնամթերքի և մրգի վերամշակման արտադրամասեր: Նախագիծը, որի շրջանակներում Փանիկ գյուղի ավելի քան 200 ընտանիք մինչև տարվա վերջ բնամթերքը վերամշակելու և հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորություն կստանա, իրականցվում է Հայկական Միջմասնագիտական Միջազգային խմբավորման (G2iA), Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի և Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով:

 

2014թ.-ին մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքում արդեն հիմնվել է սպառողական կոոպերատիվ: Կաթնամթերքի արտադրամասի վերանորոգման ու տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքներն ընթացքում են, և շուտով այն կհանձնվի շահագործման: Աշնանը շահագործման կհանձնվի նաև մրգի վերամշակման արտադրամասը:

 

Այսօր G2iA-ի և և Orange Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Փանիկ՝ ծանոթանալու արտադրամասի նախապատրաստական աշխատանքներին:

 

«Orange Հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը գյուղական համայնքների զարգացման ծրագրերի իրականացումն է: Վերջին տարիներին հատկապես մենք առավել ուշադրություն ենք դարձնում այն ծրագրերին, որոնք նպատակ ունեն գյուղական համայնքները տնտեսապես ուժեղացնել՝ կայուն աշխատատեղեր ու աշխատանքի հնարավորություններ ստեղծելով: Մասնավորապես, Տավուշի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում արդեն իրագործել ենք մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, որոնք հաջողությամբ են պսակվել: Ուրախ ենք մասնակից լինել նաև Փանիկի այս արտադրամասի ստեղծմանը: Վստահ ենք, որ այն նույնպես հաջողություն կունենա և կծառայի համայնքի տնտեսական զարգացմանը»,- ասաց Orange Հիմնադրամի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

 

Հիշեցնենք, որ սա G2iA-ի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի և Orange Հիմնադրամի առաջին համագործակցությունը չէ: 2014թ.-ից վերջիններիս, ինչպես

 

նաև Օքսֆամ և CARE կազմակերպությունների աջակցությամբ Տավուշի մարզի Այրում համայքնում գործում է «Այրում ֆրութս» մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը, որը եկամտի կայուն աղբյուր է ծառայում Այրումի և հարևան գյուղերի շուրջ բնակիչների համար: Orange Հիմնադրամի' գյուղական համայնքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի շարքում են նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում դեղձի ու խաղողի ավանդական արտադրության աջակցման նախաձեռնությունը, նույն մարզի Վազաշեն համայնքում այլընտրանքային գյուղատնտեսության' մեղվաբուծության խթանումը, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում կաթի արտադրության ու վաճառքի արդիականացման նախագիծը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում կաթի հավաքագրման ու վաճառքի օպտիմալացմանն ուղղված լայնամասշտաբ «Մեկ գյուղ» ծրագիրը և այլն: