Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ խաղողի բերքը ֆիլոքսերա վարակից փրկելու համար: Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը նշեց, որ խաղողի ֆիլոսքերա վարակն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է դեռևս գարնանը: «Հայտնաբերվել են 9.24 հեկտար վարակված տարածքներ, որտեղ անմիջապես իրականացվել են բույսերի պաշտպանության միջառումներ՝ քանդվել են, տեղադրվել են 13 հսկիչ պոստեր, որոնք գործում են սննդամթերքի անվտանգության ծառայության համապատասխան տեսչության հսկողության ներքո, և մեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ խաղաղի բերքն այդ չարաբաստիկ վարակից փրկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գալստյանը:
Փոխնախարարը նկատեց, որ հարկավոր է վերացնել վարակի տարածումը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել խաղողի բերքին, որը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակաբույս է: «Մենք պետք է կարողանանք անհնարինն անել, որպեսզի կարողանանք խուսափել վարակի տարածումից: Ստեղծված մասնագիտական խումբն արդեն հանրապետության տարածքում մասնագետների, շահագրգիռ մարմինների, գինեգործության ոլորտի ներկայացուցիչների, գիտնականների հետ տանում է համապատասխան աշխատանքներ, որպեսզի վարակի տարածումը կանխելու միջոցառումները և մեր անելիքները հստակեցվեն»,- ասաց Սամվել Գալստյանը:
Նա նաև նշեց, որ այս տարի խաղողի բերքատվությունը շատ բարձր է լինելու: Ու թեև վտանգ կա, որ ֆիլոքսերա վարակը կարող է լուրջ վնաս հասցնել բերքին, գյուղնախարարությունն ամեն ինչ անում է' դրանից խուսափելու և բերքը փրկելու համար: