Հղիության' սեռով պայմանավորված ընդաատումն արգելող օրենքի նախագիծը ենթադրում է մինչև 12 շաբաթական հղիության ընդհատման համար կնոջը տալ երեք օր մտածելու ժամանակ: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում առաջարկվում է ամրագրել ոլորտը կարգավորող մի քանի նոր դրույթ: Դրանցից առաջինը մինչև 12 շաբաթական ժամկետում կինն իր ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը, սակայն արդեն այն կատարվելու է գրավոր դիմումի համաձայն, որի ներկայացնելուց հետո կնոջը կտրվի երեք օր ժամանակ՝ մտածելու», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գայանե Ավագյանը:

 

 

Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը նշեց, որ կնոջը հնարավորություն է տրվում ևս մեկ անգամ մտածելու իր ցանկության և որոշման մասին: Այդ ընթացքում բժիշկը պարտավորվում է աշխատել կնոջ հետ:

 

 

Օրենքի փոփոխության նախագիծը ենթադրում է նաև պտղի' սեռով պայմանավորված ընդհատման արգելքը' անկախ հղիության ժամկետից: Եթե ներկայումս Հայաստանում առկա սարքավորումները հնարավորություն են տալիս երեխայի սեռը որոշել 12 շաբաթական հղիության ժամանակ, և մայրն այդ պահին դիմում էր հղիության ընդատմանը, ապա օրինագծով քայլեր են ձեռնարկվել, որպեսզի հետագայում, երբ նոր սարքավորումների շնորհիվ սեռը հնարավոր լինի որոշել ավելի վաղ, արգելվի սեռով պայմանավորված աբորտը մինչև 12 շաբաթականը:

 

 

Մասնագետը հավելեց, որ բժիշկը միանձնյա չի որոշելու հղիության արհեստական ընդհատման հարցը. այս որոշման կայացմանն ու կատարմանը մասնակից են լինելու բուժհիմնարկի համապատասխան բաժնի վարիչը և այլ մասնագետներ: Կատարվելու է կնոջ և պտղի ուսումնասիրություն: Վճարումները կատարվելու են դրամարկղում և ոչ բժշկի մոտ: Իսկ բուժաշխատողների պատշաճ աշխատանքը վերահսկվելու է Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կողմից:

 

 

«Խնդիրն իրականում բավական բարդ է, բազմաշերտ, և դրա հիմքերը շատ խորը նստած են մեր մտածելակերպի մեջ: Ուրախ եմ, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում երեք տարի աշխատելու արդյունքում խնդիրն ընկալվեց և հստակ քայլեր իրականացվեցին դրա դեմն առնելու համար»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը նշեց, որ հետագայում սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման արդյունքում լուրջ հետևանքներից խուսափելու նպատակով Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացվելու են բնակչության իրազեկման և ուսուցման ծրագրեր, որոնք միտված են լինելու բացատրելու բնակչությանն անցանկալի հղիության ընդհատման հնարավոր վտանգները, նպաստելու հասարակությունում կնոջ դերի բարձրացմանը:

 

 

2015 թ. հուլիսի 2-ին կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն արդեն ներկայացվել է ԱԺ: Նածագծով օրենսդրորեն արգելվելու է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումը: