«Արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ապագան գնալով ավելի ու ավելի է կախվում Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակից և պայքարելու կամքից: Իշխանությունը իրեն ուժեղ և ինքնավստահ է զգում, հենց որ բոլորը ենթարկվում են ռեժիմի խաղի կանոններին և խաղում են իշխանության կողմից սահմանված խաղի շրջանակներում: Սակայն տվյալ պարագայում բյուրեղանում է մի իրավիճակ, երբ իշխանության և գնալով նաև հասարակության լայն շերտերի համար արդեն իսկ ակնհայտ է, որ գործողություններն սկսել են ընթանալ ոչ թե ռեժիմի կողմից գծված խաղի կանոններով, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի կողմից փորձ է կատարվում իշխանություններին պարտադրել նոր խաղի կանոններ: Այսպիսով այս նոր ստեղծվող իրավիճակը և դրա հետ կապված զարգացումները կարելի է դիտարկել որպես մահացու վտանգ ռեժիմի գոյության և վերարտադրման համար: Իշխանության բուրգի մեջ հավաքվածները իրենց ոչ փայլուն ինտելեկտով և մտավոր կարողություններով դեռ ի վիճակի չեն մինչև վերջ հաշվարկել և հասկանալ, թե իրենց համար ինչի կարող է հանգեցնել Անդրիասի 17 օր դրսում ցրտին հացադուլ անելը և այդ հացադուլը շարունակելը, սակայն վստահ եմ, որ շատ շուտով իրենք կհասկանան իրավիճակի լրջության աստիճանը»,- galatv.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական խնդիրներից և հացադուլային քաղաքականության պարագայում ստեղծված նոր ուրվագծերից, կարծիք հայտնեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Ըստ Կիվիրյանի՝ Անդրիաս Ղուկասյանը կարող է կտրուկ փոխել իշխանությունների կողմից սահմանված սցենարը, և կարող է ընտրությունները ոչ միայն նշված օրը չկայանան, այլև կայանան բացառապես այլ կերպ:
«Ինչքան ավել շարունակվի հացադուլը, ինչքան վատանա Անդրիասի առողջական վիճակը, այնքան դիամետրալ վատանալու է իշխանությունների վիճակը: Արդեն իսկ բոլորի մոտ ուրվագծվում է այն ակնհայտ պատկերացումը, որ ընտրությունները չեն կարող անցկացվել իշխանությունների կողմից նախանշված ընթացքով, քանի որ առկա է անհաղթահարելի խոչընդոտ՝ 17 օր ցրտի մեջ հացադուլ արած և այն շարունակող նախագահի թեկնածուն չի կարող լիարժեք մասնակցել ընտրություններին, և այդպիսի ընտրությունները չեն կարող համարվել կայացած և լեգիտիմ: Ո՞վ ասաց, որ մահափորձի ենթարկված, սակայն կենսական օրգաններից չտուժած Պարույր Հայրիկյանը կարող էր դիմել ընտրությունների հետաձգման պահանջով, սակայն արդեն իսկ հացադուլի հետևանքով Անդրիաս Ղուկասյանի մոտ առաջացած պաթոֆիզիոլոգիական շեղումները ընտրությունների անցկացման անհաղթահարելի խոչընդոտ չեն: Ակնհայտ է, որ արդեն իսկ առկա է այն, ինչը կոչվում է «ընտրությունների անհաղթահարելի խոչընդոտ», և այդ խոչընդոտը գնալով ավելի է խորանալու: Ցանկացած պահի Անդրիասը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջ ներկայացնելով հետաձգել ընտրությունները, հետաձգումից հետո էլ պահանջել՝ անցկացնելու նոր ընտրություններ»:
Ըստ Կիվիրյանի՝ այս իրավիճակը կարող է գործող իշխանության համար վտանգավոր լինել նաև այն տեսանկյունից, որ ոչ միայն կփլուզվի ընտրությունների անցկացման ռեժիմի ուրվագծած ողջ սցենարը, և դա ինքնին ռեժիմի բնականոն գործունեության խափանում է, այլ հնարավոր է նաև, որ նոր ընտրություններում ներքաշվեն նորանոր խաղացողներ: Զուգահեռ այս ամենին՝ մինչև նոր ընտրությունների օրը կարող է լրացած լինի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և ռեժիմի ներսում կստեղծվեն խաղի նոր կանոններ: «Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարում են, իսկ սա նշանակում է, որ ստեղծվում է բացառապես նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակը կարող է ներսից կազմաքանդել իշխանական բուրգը: Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնորդվում են ոհմակի օրենքներով, իսկ երբ ոհմակը տեսնում է, որ առաջնորդը վրիպել է, այն է՝ չի կարողացել ապահովել իր խաղի կանոնների պարտադրանքը հասարակությանը, ապա արտաքուստ մոնոլիտ թվացող ոհմակում կարող է դրվել վրիպում թույլ տված առաջնորդի փոխարինման և նոր առաջնորդի հռչակման անկանխատեսելի գործընթացներ: Ուրվագծվում է բացառապես նոր իրավիճակ, և այս պարագայում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական իմաստով վաղվա գոյությունը պայմանավորված է Անդրիաս Ղուկասյանի առողջությամբ և նրա՝ հացադուլը շարունակելու և պայքարը զարգացնելու կամքով»:
Քրիստինա Մկրտչյան