Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ lragir.am-ը մի քանի հարց է ուղղել Ստեփան Դանիելյանին
Պարոն Դանիելյան, այնպիսի տպավորություն է, կարծես հանրության համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում: Նախագահի թեկնածուները մեզ պայքարի կոչեր են անում, սակայն հանրության մի զգալի հատվածը ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում:
Իմ կարծիքով, ճիշտ հակառակն է, ամեն ինչ էլ հստակ է հանրության համար: Թեկնածուների կոչերը հանրության համար հիմնավորված չեն: Համաձայն եմ վերջերս հնչած այն տեսակետի հետ, որ իշխանությունների համար ամեն ինչ հստակ էր ու արդեն պլանավորված էր ընտրությունների սցենարը, մինչեւ մեկ թեկնածուի ի հայտ գալը, որի վրա սկզբում առանձնապես մեծ ուշադրություն չէին դարձնում:
Քարոզարշավից առաջ Ձեր մի հարցազրույցում կանխատեսել էիք, որ այս ընտրությունների հիմնական դիսկուրսը ձևավորվելու է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շուրջ, սակայն այն ժամանակ այդ կարծիքը չափազանցածված էր թվում:
Այդ ժամանակ արդեն կանխատեսելի էր իրադարձությունների տրամաբանությունը: Ինչպե՞ս էին անցնում վերջին ընտրությունները Հայաստանում: Շատ պարզ ձևով. ընդդիմությունը համոզում էր հանրությանը, որ ակտիվ մասնակցեն, և իրենք գիտեն, թե հետո ինչ են անելու, որի արդյունքում իշխանությունները պարտվելու են: Բոլորս գիտենք, թե հետո ինչ էր տեղի ունենում: Բացի նրանից, որ ընտրություններից հետո, անհրաժեշտության դեպքում կիրառվում էր բռնություն, իշխող ուժը մանիպուլյացիայի էր ենթարկում հանրային կարծիքը ընդդիմադիր ոչ հիմնական թեկնածուների միջոցով: Որպես կանոն, ընդդիմության ոչ հիմնական թեկնածուները ներգրավված են լինում «խաղի» մեջ ընդդեմ հիմնական թեկնածուի և խաղում իշխանությունների հետ պայմանավորված իրենց դերը: Դա հիշեցնում է կրկեսում հանդիպող այն սցենարը, երբ ծաղրածուն բեմ է հրավիրում «պատահական» հանդիսատեսին և զարմացած դահլիճի ներկայությամբ հալածում նրան, սակայն այդ հանդիսատեսը տարօրինակ կերպով այնքան էլ չի վրդովվում նման պահվածքից: Դրա վառ ապացույցն են այսօրվա Հանրապետական կուսակցության ֆրակցիայում հայտնված բազմաթին «պատահական հանդիսատեսները»: Նույն սցենարը պետք է հիմա կրկնվեր, սակայն գործող իշխանությունները 2008-ի իրավիճակը չկրկնվելու համար հեշտ հաղթանակի ակնկալիքով հիմնական թեկնածուին խաղից դուրս հանեցին: ԲՀԿ թեկնածուի՝ ընտրություններին չմասնակցելու հետևանքով խաղից դուրս մնաց նաև թուլացած ՀԱԿ-ը, առաջացավ մի իրավիճակ, երբ ընտրությունները դարձան ոչ մրցակցային: Փաստորեն, նոր սցենար է մշակվել, որտեղ Սերժ Սարգսյանի խոսքերով ասած «մրցակիցները» պետք է ապահովեն ընտրությունների լեգիտիմությունը, և պատահական չէր, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանում երբեք այսպիսի մրցակցային ընտրություններ դեռ չեն եղել: Այս ընտրությունների ժամանակ «մրցակցայինը» լինելու է առանցքային եզր: Հատկապես օգտակար է, որ դա ասում են հենց «մրցակիցները»: Միաժամանակ, հրապարակային կերպով խոստանալով, որ եթե ամեն ինչ լավ լինի, կշնորհավորեն հաղթողին:
Հաջորդ խնդիրը ընտրողներին ընտրատեղամաս բերելն է: Քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչերը անելու են Սերժ Սարգսյանի մրցակիցները, իսկ դաշտային աշխատանքները կատարելու են ադմինիստրատիվ և օլիգարխիկ ռեսուրսների միջոցով:
Ահա այստեղ խաղաքարտերը խառնում է Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, որը փոխում է քաղաքական դիսկուրսը, առաջ քաշում այլ օրակարգ և անհարմար վիճակի մեջ դնում ողջ քաղաքական դաշտը, առաջին հերթին՝ ընդդիմադիր: Մենք պետք է վաղուց հասկացած լինեինք, որ այս քաղաքական համակարգի կենսունակության հիմնական հենքերից մեկը հենց ընդդիմությունն է: Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելը բիզնես գործունեություն է, ես կասեի՝ բիզնեսի ամենաանազնիվ տեսակներից մեկը:
Սակայն երեք քաղաքական ուժերը' ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն նույնպես բոյկոտում են ընտրությունները:
Ես Ձեզ հետ համաձայն չեմ: Ըստ մամուլի տեղեկատվության, որը չի հերքում ԲՀԿ-ն, կուսակցության կառույցները ներգրավված են ընտրողներին տեղամասեր բերելու գործին, իսկ թե ոնց նրանք կքվեարկեն՝ հասկանալի պատճառով բացարձակապես կարևոր չի: Ընտրություններին մասնակցելու կոչով հանդես է եկել նաև ՀՅԴ-ն, իհարկե ասելով, որ թեկուզ բոլորին ջնջեք: Սակայն մենք հասկանում ենք, որ իշխանության օրակարգային հարցը մասնակցություն ապահովելն է, իսկ բոլորին ջնջելու կոչն ուղղակի դեմքը փրկելու համար է արվում: ՀԱԿ-ի այսպես կոչված «հակազուրաբյանական» թևը նույնպես քաղաքացիական պարտքը կատարելու և պայքարի ոգին պահելու կոչեր է անում: Այսպիսով, լրիվ հակառակ պատկերն է ստացվում:
Մի քանի թեկնածուներ նույնպես խոստացել են միանալ Անդրիասի հացադուլին, դա ինչպե՞ս կգնահատեք:
Ինձ համար համոզիչ է դեռևս միայն Արամ Հարությունյանի պահվածքը: Հստակ դիրքորոշում է արտահայտել, որտեղ չկան մանիպուլյացիայի երանգները: Այս ընտրություններում նա կրկեսի պատահական հանդիսատեսի դերում չի: Ինձ համար դեռևս անհասկանալի են Հրանտ Բագրատյանի մոտիվները: Բագրատյանին անձամբ ճանաչում եմ, շատ եմ հարգում, որոշ հարցերում մենք համախոհներ ենք, սակայն չէի ցանկանա, որ ընտրություններից հետո այնպես ստացվի, որ ընտրությունների մասնակիցները մեղքի բաժին ու պատասխանատվություն ունենային հետագա քաղաքական զարգացումների համար: Անդրիաս Ղուկասյանի հացադուլին միանալու Հայրիկյանի նպատակն անհասկանալի է: Կա թեկնածու, որը հստակ պահանջ է ներկայացրել և հացադուլ է անում: Միանալ հացադուլին՝ հացադուլավորին հացադուլից հանելու նպատակով, ոչ միայն անտրամաբանական է, այլև վիրավորական: Քաղաքական պայքարի մեծ փորձ ունեցող մարդը, որը երկար տարիներ բանտարկված է եղել, պետք է հասկանա, որ դա ոչ միայն քաղաքական պայքարի էթիկայի խախտում է, այլև սաբոտաժ և Անդրիասի պահանջի արժեքազրկմանն ուղղված գործողություն: Իմ կարծիքով, սա է ներկա իրավիճակի պատկերը: