Օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության դեպքերով գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, 2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կ.-ն և նույն բաժնի քննիչ Գագիկ Ա.-ն, փողոցում նկատել են միմյանց հետ վիճաբանող շուրջ 25-30 անձանց: Մոտենալով վերջիններիս՝ նրանք ներկայացել են որպես քննիչներ և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանող անձինք' քաղաքացի Վարուժան Մ.-ն և նրա տղաները, այլ անձինք ցավագին ընդունելով իշխանության ներկայացուցիչների պահանջները, հարձակվել են քննիչների վրա ու ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննության ընթացքում Վարուժան Մ.-ի կինը հայտնել է, որ հիշյալ դեպքին միջամտած քննիչները իր ամուսնու և որդիների նկատմամբ կիրառել են բռնություն և պատճառել մարմնական վնասվածքներ: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: