Սիրիայի զինված ուժերի կողմից մի շարք քաղաքներում անցկացված հակաահաբեկչական ռազմական գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորման բազմաթիվ մարտիկների շարքում սպանվել է ադրբեջանցի հերթական ահաբեկիչը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական faktxebe8.com լրատվական կայքը, պաշտոնական լուրերի համաձայն' Դամասկոսի Դեյր Հուբբիե շրջանում սպանվել է «Ահրարուլ-Շամ» խմբավորման ադրբեջանցի դաշտային հրամանատար Ռամիզ Աբու Հիշամը: Հալեպի Հանասըր տարածաշրջանում անցկացված գործողությունների ժամանակ սպանվել է հայտնի չեչեն ահաբեկիչ Աբու Մուհամեդ Ալ Չեչենը: Նշվում է, որ այդ գործողությունների ժամանակ սպանվել են նաև հորդանանցի ահաբեկիչներ, և որ Սիրիայում կառավարական ուժերի դեմ պատերազմում սպանված հորդանանցի ահաբեկիչների թիվն անցնում է 421-ը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: