Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն իշխանությունների վերարտադրման համար ամենահարմարը համարում են նախագահական կամ կիսանախագահական համակարգը: Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնավորեց իր տեսակետը' ներկայացնելով մի շարք երկրների, այդ թվում' Լատինական Ամերիկայի պետությունների փորձը և շեշտելով, որ իշխանությունն անընդհատ վերարտադրվել է նախագահական կամ կիսանախագահական համակարգի արդյունքում: «Կիսանախագահական, նախագահական համակարգերից ավելի լավ համակարգ՝ վերարտադրվելու համար, գոյություն չունի»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ այստեղ հիմնական խնդիրը կեղծված ընտրություններն են, որոնք չպետք է թույլ տրվեն ցանկացած պարագայում:
«Իշխանություններին ավելի հեշտ է վերարտադրվել մեր ունեցած համակարգում, քան այն համակարգում, որը նախատեսված է Սահմանադրության փոփոխությունների նախնական նախագծում: Ներկայացված համակարգն ավելի ժողովրդավար է, ավելի լայն հնարավորություններ է ստեղծում վերահսկողության առումով: Իսկ ասել, թե ժողովրդավարական համակարգն ավելի նպաստավոր է վերարտադրման համար, ես տրամաբանական չեմ համարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Անդրադառնալով քաղաքական կոնսոլիդացիայի ստեղծմանը, Պողոսյանն ասաց, որ հանձնաժողովը երբեք իր առջև նման խնդիր չի դրել, սակայն հանդիպել են տասնյակից ավելի կուսակցությունների հետ: Խորհրդարանական ուժերից պաշտոնապես հանդիպումներ չեն եղել միայն ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, իսկ մնացած բոլոր խմբակցությունների հետ ունեցել են հանդիպումներ, ստացել են նույնիսկ գրավոր առաջարկներ: