Ռուս մեկենաս և բարերար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովի դիտարկմամբ՝ իր և իր պաշտպանյալի դեմ ուղղված Իսրայելի քաղաքացի Միլանա Գորենշտեյնի դատական հայցի հետևում կանգնած են ադրբեջանական ուժեր: «Այդ մասնավոր դատական հայցի տեքստում գրված է, որ մեր դեմ ուղղված հայցի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ հուլիսի 12-ին Շուշիում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Գերման Ստերլիգովն իբր ասել է հերետիկոսական արտահայտություններ:
Հատկանշական է այն փաստը, որ Միլանա Գորենշտեյնի շահերը պաշտպանում է Մոսկվայում հայտնի ադրբեջանցի փաստաբան: Մենք կարծում ենք, որ այդ ուշագրավ փաստը լույս է սփռում մի կարևոր հանգամանքի վրա. մեր դեմ հարուցած քրեական գործը շինծու բնույթ է կրում, որը կազմակերպված սադրանք է ադրբեջանական իշխանությունների կողմից»,- «Արմենպրես»- հետ զրույցում' նշեց Գերման Ստերլիգովի փաստաբան, ազգությամբ հայ Արթուր Հայրապետովը' հավելելով, որ սոցիալական ցանցերում Միլանա Գորենշտեյնը իրեն անվանում է նաև «Իսրայելի և Լեռնային Ղարաբաղի թագուհի Մարիա 2-րդ»: «Բացի այդ' ռուս գործարար Գերման Ստերլիգովը արդեն կարգավորել է իր բոլոր խնդիրները Մոսկվայում, որոնց մասին խոսվում էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում»,-պարզաբանեց Հայրապետովը:
Գերման Ստերլիգովի փաստաբանի կարծիքով'իրենց դեմ ներկայացված հայցի պատճառներից մեկը կարող է հանդիսանալ նաև «Վկոնտակտե» սոցիալական ցանցում Գերման Ստերլիգովի կատարված գրառումը, որում նա կոչ է անում ադրբեջանական ժողովրդին դադարեցնել պայքարը օտար հողերի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի համար:
«Նա շատ մանրակրկիտ և հանգամանալից բացատրում է, թե ինչու են այդ հողերը պատկանում հայերին, և ինչու ադրբեջանցիները չպետք է որևէ հավակնություններ ունենան այդ հողերի նկատմամբ: Բացի այդ' նա հրավիրում է ադրբեջանցի նշանավոր պատմաբաններին Մերձմոսկովյան իր տուն կամ Շուշիում իր առանձնատունը, որտեղ առաջարկում է հայ պատմաբանների հետ կլոր-սեղանի շուրջ քննարկել այդ հարցը և վերջնական լուծում տալ այդ խնդրին»,-շեշտեց Հայրապետովը' հավելելով, որ իրեն փաստաբանի կարգավիճակից զրկելու համար դիմում է ներկայացվել Մոսկվայի փաստաբանների պալատ: