Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Լորան Սուրիսոն հայտարարել է, որ հայեցակարգը փոփոխվել է: Այժմ ամսագրի էջերին չեն լինելու ծաղրանկարներ` կապված Մուհամեդ մարգարեի հետ, գրում է The Washington Post-ը:

 

Սուրիսոն բացատրեց, թե ինչու են նախկինում օգտագործվել ծաղրանկարները: 

 

«Մենք օգտագործել ենք մարգարեի պատկերը` ինքնարտահայտման սկզբունքները պաշտպանելու համար»:

Նա նշել է, որ լրագրողները կատարեցին իրենց առջև դրված խնդիրը. պաշտպանել են երգիծական պատկերներ հրապարակելու իրավունքը: Ըստ նրա, կրոնական թեմաներով նկարները նպատակ չեն ունեցել քննադատելու իսլամը:

 

2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակում գործեց երկու զինված անձ: Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեց 12 մարդ, որոնցից 10-ը պարբերականի աշխատողներ էին: Զոհերի թվում էր նաև պարբերականի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեն: Ավելի ուշ հարձակվողները վերացվեցին:

 

Ահաբեկչական գործողության պատճառը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն էր շաբաթաթերթի շապիկին: Գործողության պատասխանատվությունը ստանձնեց «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման եմենյան թևի առաջնորդ Նասեր բեն Ալի ալ-Անսին: