Կիրակի՝ հուլիսի 19-ին, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում՝ 18 թիմերի պայքարում գրավելով 12-րդ հորիզոնականը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց հավաքականի ելույթները.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ընտրանին առաջին անգամ էր մասնակցում մինչև 20 տարեկանների առաջնությանը, ապա միայն դրականը կարելի է ասել գրանցված արդյունքների համար: Առաջին իսկ փորձից Հայաստանին հաջողվեց առաջ անցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Շվեյցարիան, Ռումինիան կամ Ավստրիան: Փաստորեն, այս ելույթի շնորհիվ Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով հայտնվեց Եվրոպայի լավագույն 30 հավաքականների շարքում: Կարծում եմ, որ ավելորդ է ևս մեկ անգամ ասել, թե որքան բարդ է թիմային մարզաձևերում հաջողություններ գրանցելը: Այստեղ երկարատև և ծանր աշխատանք է հարկավոր, քանի որ մրցակցությունը շատ սուր է:
Նախ, դեռ պետք է վերլուծենք գրանցված արդյունքները, հասկանանք, թե ինչ բացթողումներ կային և ինչ է հարկավոր հետագայում ավելի լավ հանդես գալու համար: Ներկայիս հավաքականում հիմնականում հանդես եկան ԱՄՆ-ում և Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները: Պետք է ընդգծեմ, որ ՀԲՖ-ի փոխնախագահներից Արա Պողոսյանը սելեկցիոն և կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք է իրականացրել, որ ունենանք մարտունակ հավաքական: Գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովը հավաքականում ընդգրկել է բացառապես այն խաղացողներին, ովքեր ցանկություն ունեին բարձր պահել Հայաստանի պատիվը: Սա շատ ուրախալի հանգամանք է, քանի որ բասկետբոլի շնորհիվ հայրենիքի հետ կապնվում են մի շարք հայազգի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր իրենց չենք խնայում արդյունքի հասնելու համար: Շուտով մենք կքննարկենք հետագա անելիքները և կհասկանանք, թե ինչ է մեզ սպասվում 2016 թվականի ընթացքում:
Ամեն դեպքում, երիտասարդական հավաքականի մի շարք խաղացողներ արդեն 20 տարեկան են և գալիք տարի կարող են հանդես գալ միայն ազգային հավաքականում»,- Ռոստոմյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը: