Թուրքիայում շրջանառության մեջ է մտել տեղեկությունն այն մասին, որ ամենայն հավանականությամբ թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ գավառում իրականացվածպայթյունի հեղինակը եղել է «Իրաքի և լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գաղափարներին հարող 18-ամյա մի աղջիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականի հետ զրույցում այս վարկածը հայտնել է Սուրուչի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը:

 

 

Սուրուչի քաղաքապետարանին պատկանող մեքենաները դեպքի վայրում թուրքերեն և քրդերեն հայտնում են տարածքում երկրորդ պայթյունի հավանականության մասին՝ կոչ անելով հեռանալ այդ վայրից:

 

 

Շանլըուրֆայի նահանգապետ Իզզեթթին Քյուչուքը նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սուրուչ մուտք գործող և այստեղից հեռացող բոլոր անձինք հատուկ զննվում են:

 

 

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում իրականացվել է ահաբեկչություն, որը խլել է 28 մարդու կյանք, իսկ վիրավորների թիվը հասել է 100-ի: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ամեն պահի ավելանալ:

 

 

Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Սուրուչում ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Երիտասարդ սոցիալիստներն այս գիշեր պետք է անցնեին Քոբանի՝ փոխանցելու իրենց հավաքած օգնությունը: Թուրքիա յի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է արել կատարվածի առնչությամբ՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունը: Նախարարության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Հիվանդանոց տեղափոխվածների մի մասի վիճակը ծանր է, նրանց կյանքը փրկելու համար արդեն կոչ են անում արյուն հանձնել: