Եվրասիական տնտեսական միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան) ֆուտբոլիստները կարող են այդ երկրների առաջնություններում այլևս լեգիոներ չհամարվել:
Ինչպես տեղեկանցում է sport-express-ը, Հայաստանը և Ռուսաստանը կառավարությունների մակարդակով բանակցություններ են վարում ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստների կարգավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն չէր բացառել, որ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կարող են դադարել Ռուսաստանի առաջնությունում լեգիոներ համարվելուց:
Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2018թ.-ին' Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեն հաստատեց Ռուսաստանի առաջնությանը մասնակից թիմերում լեգիոներների նոր սահմանափակումը, համաձայն որի՝ խաղադաշտում միաժամանակ կարող են գտնվել 6 լեգիոներից ոչ ավելի: Ռուսաստանում լեգիոներ են համարվում բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր իրավունք չունեն հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:
Չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանում սահմանափակումը խստացվի և միարժամանակ դաշտ դուրս գալու իրավունք կունենա հինգից ոչ ավել լեգիոներ: