Բրիտանացի դերասան Սայմոն Բրոդկինը, ով հայտնի է Լի Նելսոն մականվամբ, ընդհատել է ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերի ասուլիսը:
Ցյուրիխում ընթացող ասուլիսի ժամանակ դերասանը մոտեցել է 79-ամյա Բլատերին և թղթադրամներ նետել նրա վրա. տեղեկացնում է Reuters-ը:
Ասուլիսը ընդհատվել է:
«Նախ պետք է մաքրենք այստեղ: Հակառակ դեպքում չեմ կարող խոսել ձեզ հետ ֆուտբոլի մասին: Կվերադառնամ մի քանի րոպեից»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահը և լքել ասուլիսների սրահը: Որոշ ժամանակ անց ասուլիսը վերսկսվել է:
Ցյուրիխում այսօր կայացած ՖԻՖԱ-ի գործոմի արտահերթ նիստում որոշվել է նախագահական արտահերթ ընտրությունները անցկացման օրը: Նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016թ-ի փետրվարի 26-ին:
Կառույցի գործող նախագահը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի:
Այս տարվա մայիսի 29-ին Բլատերը 5-րդ անգամ ընտրվել էր կառույցի նախագահ, սակայն չորս օր անց կոռուպցիոն սկանդալից հետո հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին: