Ադրբեջանական գազը Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպայի հարավային շրջաններ փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ գազամուղի (TAP) նախագծում ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը ևս:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Reuters-ը, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը' նշելով, որ նորվեգական ընկերության մասնաբաժինը ձեռք բերելու ցանկացողներ կան արդեն:
Statoil-ում հրաժարվել են մեկնաբանել TAP-ում իրենց մասնաբաժինը վաճառելու մասին տեղեկությունը: «Սովորաբար մենք չենք մեկնաբանում մեր գործարքները», -Reuters-ին ասել է ընկերության մամուլի քարտուղարը:
Նորվեգական նավթագազային հսկա Statoil-ն ադրբեջանական «Շահդենիզ» հանքահորում իր մասնաբաժնի վաճառքի գործարքը մալազիական Petronas ընկերության հետ ավարտել է ս.թ. ապրիլի 30-ին և հեռացել Ադրբեջանից: