Թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության վերաբերյալ նոր մանրամասներ են սկսել ի հայտ գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայի տարբեր քաղաքներից դեպքի վայր ժամանած քննիչները պարզել են, որ ահաբեկչությունն իրականացնելիս գործի է դրվել ռուսական արտադրության երկու նռնակ, որոնց կապված է եղել մահապարտի վրա եղած շուրջ 5 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ:
Պայթուցիկի վրա հայտնաբերված մատնահետքի ուսումնասիրությունը պարզել է, որ այն գործի դնողը եղել է արական սեռի ներկայացուցիչ: Դեպքի վայրում հայտնաբերված անձնագիրը, որը չի պատկանել զոհվածներից և վիրավորներից և ոչ մեկին, թույլ է տվել նաև բացահայտել ենթադրյալ մահապարտի ինքնությունը: Ըստ նախնակական տվյալների՝ ահաբեկչությունն իրականացրել է Ադըյամանցի 20 տարեկան մի տղա:
Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Պայթյունի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: