Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիևը հայտարարել է, որ զինված ուժերի շարքերում կոռուպցիոն գործողությունների համար 43 զինծառայողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալութունը, այս մասին Վելիևը հայտարարել է Ռազմական դատախազությունում 2015 թվականի առաջին կեսում կատարված աշխատանքների արդյունքների և սպասվող խնդիրների հետ կապված օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին դատախազության կողմից բացահայտվել են հատուկ ծանր, բարդ և բազմադրվագ հանցավոր գործողություններ, որոնց մեծ մասի վերաբերյալ հետաքննությունն արդեն ավարտվել է և հանձնվել դատարաններ:
«Հաշվետու ժամանակաշրջանում խոշոր չափերի հասնող պետական ունեցվածքի հափշտակման մի շարք գործերի վարույթն արդեն ավարտվել է, և մեղավորները քրեական պատասխանատվության են ենթարկվել: Հետաքննության ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցված նյութական վնասի 82,3 տոկոսը վերադարձվել է: Հետքննչական մարմինները ԶՈւ շարքերում անցկացված 63 ստուգումների ժամանակ բացահայտել են 1064 խախտում, 125 մարդ զգուշացվել է, բացվել է 30 քրեական գործ, 203 մարդ կարգապահական տույժի է ենթարկվել»,- ասել է նա: