Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ յուրաքանչյուր օրվա հետ նվազում է երկրում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը և չի բացառվում, որ Թուրքիայում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական աթոռների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) խորհրդարանում ներկայացված մնացած կուսակցություններից ավելի մոտ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելուն:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկու օր առաջ հայտնել էր, որ Ազգայնական շարժում կուսակցությունը հրաժարվել է կոալիցիոն կառավարությանը մաս կազմելու ԱԶԿ-ի առաջարկից, իսկ խորհրդարան անցած մյուս' քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմել իրենք չեն ցանկանում:
Կոալիցիոն կառավարության շուրջ ԱԶԿ-ի հետ հունիսին անցկացված բանակցություններում ԺՀԿ-ն մի շարք պայմաններ էր առաջադրել: Այդ պայմանների համաձայն' ԺՀԿ առաջնորդը պետք է երկու տարի ժամկետով գլխավորի կոալիցիոն կառավարությունը: Բացի այդ, պայմանների համաձայն' Թուրքիայի խորհրդարանը ևս պետք է ղեկավարի ԺՀԿ անդամը: Քեմալականները պահանջել էին նաև արդարադատության, ներքին գործերի և կրթության նախարարների պորտֆելները:
Չնայած տարաձայնություններին' ներկայումս դեռևս շարունակվում են կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ ԱԶԿ-ԺՀԿ բանակցությունները: