Եվրոպան և Միացյալ Նահանգները հասկացել են արմատականության ծայրահեղ դրսևորումների իրական վտանգը և, ըստ էության, միացել են այդ պայքարին: Այդ մասին շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

 

Նրա խոսքով՝ Մոսկվան նախկինում նույնպես նախազգուշացրել է իր արևմտյան գործընկերներին ծայրահեղական խմբավորումների աճող վտանգի մասին:

 

 

«Ես զարմացել եմ՝ տեսնելով, որ նույնիսկ ապացույցի առկայության դեպքում, որ մենք կանգնած ենք ահաբեկչության սպառնալիքի առջև, որ պայքարում ենք Ալ-Քաիդայի ներկայացուցիչների դեմ, մեզ չեն աջակցել: Եվ երբ ես հարցրի իմ գործընկերներին, այդ թվում՝ Եվրոպայում. «Ի՞նչ է չեք տեսնում, ի՞նչ է կատարվում»,- նրանք պատսխանեցին. «Այո, տեսնում ենք, սակայն տարբեր պատճառներով, այդ թվում՝ ներքաղաքական, միջազգային, մենք չենք կարող աջակցել Ձեզ: Ինչին ես ասացի.«Չեք կարող աջակցել, պետք չէ, գոնե մի խանգարեք մեզ»,- ասել է Պուտինը:

 

 

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը համագործակցելու է Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

 

 

«Հիմա ես տեսնում եմ, որ իրավիճակն իսկապես փոխվել է: Ինչպես ռուս ժողովուրդն է ասում՝ լավ է ուշ, քան երբեք: Սակայն հույս ունենք, որ ոչ միայն այդ ոլորտում, այլ նաև այլ հարցերով՝ ինչպես Ուկրաինայում իրադրության կարգավորման, այնպես էլ տնտեսական, երկխոսություն կվարենք և լուծում կգտնենք բոլոր հարցերին»,- հավելել է Ռուսաստանի նախագահը: