ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

 

 

Արթուր Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

 

2015թ. հուլիսի 27-ին որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով անհայտ անձի կողմից Արթուր Ղազարյանին ապօրինի հրազեն ու ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթ առանձնացնելու մասին:

 

 

Արթուր Ղազարյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: