Այսօր՝ հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպել են «Գանձասար-Կապանի» ղեկավարությունը:
Ասուլիսի սկզբում ողջույնի իր խոսքն է հղել ակումբի նախագահ Վահե Հակոբյանը.
«Նոր մրցաշրջանում մեր նպատակը մրցանակային տեղ զբաղեցնելն է լինելու, կարծում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է գտնվում, այս մրցաշրջանում հանդես ենք գալու նոր մարզաշապիկներով: Մենք պատրաստ ենք առաջնությանը, զգացվում է, որ Սյունիքում ֆուտբոլը նորից վերելք է ապրում»:
Ակումբի խորհրդատու մարզիչ Սամվել Պետրոսյանը նախ անդրադարձել է թիմի նախապատրաստությանը, այնուհետև հավելել.
«Մենք ամենայն լրջությամբ ենք պատրաստվել առաջնությանը, թիմը համալրած նորեկները բավականին լավ տպավորություն են թողնում: Մեր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է»:
Ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբայանը նշել է, որ անտեսված չէ նաև մանկապատանեկան ֆուտբոլը, որին մեծ ուշադրություն է դարձվում.
«Առաջիկա մրցաշրջանում մեր հնարավոր հաջողությունը կոգևորի շատերին: Մեր մարզադաշտում արդեն տեղադրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան լուսատախտակ և դարպասներ»:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին թիմի համալրած լեգեոներները: Ըստ Սամվել Պետրոսյանի Լուբամբո Մուսոնդան, Ացամազ Բուրաևը, Դամիր Մեմովիչը, Անդրեյ Ստոևը, Գոգիտա Գագատիշվիլին և Վբեյմարը բավականին լավ տպավորություն են թողնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: