Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի եկեղեցի տանող հետիոտնուղու կառուցման ժամանակ հողի տակից դուրս են եկել հայատառ արձանագրություններ կրող 7 խաչքարեր, որոնք տեղադրվել են եկեղեցու մուտքի մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, նորահայտ խաչքարերը դիտելու հրավիրված Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հաստատել է, որ դրանցից մեկը պատրաստվել է վաղ քրիստոնեության շրջանում, մյուսները' 9-15-րդ դարերի ընթացքում: «Սա շատ կարեւոր հայտնություն ու ապացույց էր այն մասին, որ Շորժան հազարամյակների հայկականության բնօրրան է եղել: Մինչեւ 1988 թվականը այստեղ հաստատված թյուրքալեզու բնակչությունը փորձել է ամեն կերպ ջնջել հայկականության հետքերը' հողի տակ թաղելով թե’ հայատառ արձանագրություններ կրող խաչքար-տապանաքարերը, թե եկեղեցին: 1992 թվականից հետո հողի ահագին շերտից մաքրել ենք եկեղեցին, հետագա տարիներին հիմնանորոգել այն, կառուցել եւ օծել զանգակատունը, դիմացի արեւելյան բարձունքին տեղադրել երկաթյա բարձր խաչը' ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հիմա մեր եկեղեցին ընդունում է բազմաթիվ հավատավորների, ովքեր գալիս են Հայաստանի տարբեր վայրերից ու Սփյուռքից»,-նշեց համայնքի ղեկավարը:

 

 

Նրա համոզմամբ' Շորժայի եկեղեցու շրջապատում, ինչպես նաեւ գյուղի տարածքում դեռեւս հողի տակ թաղված են մնում բազմաթիվ արժեքներ, որոնք կերտվել են հայ բնակչության ձեռքերով, եւ որոնք կարող են արժանանալ հնագետների ուշադրությանը:

 

 

«Մեր գյուղում հայ բնակչությունն ապրել ու արարել է մինչեւ 17-րդ դարի սկիզբը' մինչեւ Շահ Աբասի կողմից կազմակերպված զանգվածային բռնագաղթը: Այդուհետ այստեղ են թափանցել թուրքալեզու քոչվոր ցեղերը, որոնց կողքին 19-րդ դարում բնակություն են հաստատել նաեւ Եկատերինա 2-ի կողմից այստեղ աքսորված մորդվինները: Մի քանի դարի ընթացքում թուրքալեզու բնակչությունը կարողացել է հողի երեսից ջնջել գյուղի հայկականության հետքերը' մշակութային ժառանգությունը հողի տակ թաղելով: Հողի երեսին, եկեղեցուն կից գերեզմանոցի տարածքում, պահպանվել են միայն այն գերեզմանաքարերը, որոնք գիր ու հիշատակություն չեն պարունակում: Եթե 7 խաչքար գտնվել է միայն մի քանի տասնյակ մետր հետիոտնուղի կառուցելու դեպքում, ապա ես համոզված եմ, որ եկեղեցուն կից գերեզմանոցի տարածքում հողին պահ տրված կլինեն հնագիտական բազմաթիվ կարեւոր արժեքներ, որոնց ի հայտ գալու դեպքում ականատեսը կլինենք հայագիտական նոր հայտնագործությունների: Սպասում ենք հնագետների համարժեք արձագանքին»,-ասաց Սուլիկո Շուշանյանը: