3x3 բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և կարողացավ նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր:
«Նախ նշեմ, որ ընտրական փուլում պայքարը շատ թեժ է, քանի որ չկան գաճաճ երկրների ներկայացուցիչներ: Մասնակցում էին միայն բասկետբոլում լավ ավանդույթներ ունեցող երկրները: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ուսումնամարզական հավաք էինք կազմակերպել Մոսկվայում, որի ընթացքում անցկացրել էինք մի շարք ստուգողական հանդիպումներ: Դրանից հետո մեկնեցինք Ռիգա:
Մեր առջև խնդիր էինք դրել հաղթահարել ընտրական փուլի արգելքը, այլապես իմաստ չկար մեկնել Լատվիա: Խնդիրը հաջողությամբ իրագործվեց և մենք եզրափակիչ փուլում ենք, ինչը շատ լավ արդյունք է: Թիմային մարզաձևում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը Հայաստանի համար փայլուն արդյունք եմ համարում:
Մենք դարձյալ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Մոսկվայում, ապա կմեկնենք Մինսկ: Կփորձենք պատվով հանդես գալ եզրափակիչ փուլում, որտեղ մեզ շատ ուժեղ մրցակիցներ են սպասվում»,- մարզչի խոսքը մեջբերում է ը ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: