Կալիֆոռնիայի իշխանությունները նահանգի տարածքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տեղի հազարավոր բնակիչների հանձնարարել են լքել իրենց տները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, նման հանձնարարականի անմիջական պատճառ է դարձել Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած շրջանում անտառային խոշորագույն հրդեհներից մեկի անսպասելիորեն արագ տարածումը:
Նահանգի իշխանությունները ենթադրում են, որ ընդամենը հրդեհից և դրա հետևանքներից կարող է տուժել մինչև 13 հազար մարդ: Նրանց մի մասն արդեն հարկադրաբար տարհանված է, մնացածներին հանձնարարել են կամավոր լքել տները:
Այս տարվա ամառը Կալիֆոռնիայում ամենաչորայինն է վերջին տարիների ընթացքում: Այդ ֆոնին նահանգում լայնածավալ անտառային հրդեհներ են սկսվել: Բռնկման օջախները մարելու համար գործի են դրվել հազարավոր հրշեջներ: