Հայաստանում ստեղծվել է բացառապես իրավաբաններից բաղկացած խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին: Առաջիկայում դրանք զեկույցի տեսքով հրապարակելու են, իրազեկող բրոշյուրներ են բաժանելու և հանրությանը ներկայացնելու են, թե ինչ է իրենից ներկայացնում նոր նախագիծը:

 

Այս խմբի անդամ փաստաբաններից Տիգրան Եգորյանը, պատասխանելով ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե կա՞ր արդյոք անհրաժեշտություն Հայաստանում Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, ասաց.

 

«Բացահայտվեց, որ այս փոփոխությունների ետևում իրականում ընկած է մի գերնպատակ՝ լեգիտիմության լրջագույն պրոբլեմ ունեցող իշխանությունը պահելը: Ամենայն հավանականությամբ, այս նոր Սահմանադրությամբ դա կապված է իշխանությունը պահելու և իշխանության յուրացման մեխանիզմները և մեթոդներն ավելի հարմար դարձնելու հետ:

 

Փաստաբանը կարծում է՝ ժողովուրդը պետք է տեղեկացված լինի, թե ինչ լրջագույն պրոբլեմի առաջ կկանգնի՝ այս փոփոխությունները ընդունելու պարագայում:

 

«Այս իշխանությունը չունի լեգիտիմություն՝ Սահմանադրական փոփոխությունների հարց բարձրացնելու համար: Առաջին հերթին պետք է փոխվի իշխանությունը, նոր Սահմանադրությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը: