Վերջին տարիներին ացելացել են աշխատանքային իրավունքի պաշտպանության գործերով հայցերը դատարան, այսինքն' մարդիկ սկսել են կարևորել նաև աշխատանքային իրավունքը և այդ իրավունքի խախտման դեպքում դիմում են դատական ատյաններին: Ինչպես լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը, դատարան դիմելու դեպքերի շատացման երեք պատճառ կա: «Առաջինը, որ մարդիկ դարձել են ավելի իրազեկված, քան նախկինում էին, երկրորդը' որոշ ոլորտներ հստակորեն կարգավորված չեն, որոշ գործատուներ հակված չեն ամեն ինչ օրենսդրական դաշտ մտցնել և խախտումներն առանձին ոլորտներում շատ են, երրորդը' պետական վերահսկող մարմին չկա որպես այդպիսին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց փաստաբանը:

 

 

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով' Աշխատանքի պետական տեսչությունը կորցրեց նախկինում ունեցած իր օրենսդրորեն ամրագրված կարգավիճակը, երբ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Աշխատանքի պետական տեսչության միաձուլման արդյունքում վերակազմակերպվեց Առողջապահական պետական տեսչությունը: «Ուժը կորցրած ճանաչվեց Աշխատանքի տեսչության մասին օրենքը, Աշխատանքային օրենսգրքից հանվեց այն դրույթը, որ աշխատանքի իրավունքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Աշխատանքի պետական տեսուչը, իրավական բազան վերացվեց: Այդպիսով տեսչությունը հսկման առումով հստակ լիազորություններ չունեցող մարմին է դարձել»,-նշեց զրուցակիցը:

 

 

Նրա խոսքով' որևէ խախտում առաջանալու դեպքում որպես հիմնական օղակ հանդես է գալիս դատարանը: «Դատարանի վիճակագրությունը նայելով' կարող ենք հասկանալ, թե տարվա մեջ քանի գործ է մուտք լինում դատարան, որտեղ քաղաքացին ակնկալում է պաշտպանություն»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

 

 

Ինչ վերաբերում է Հայաստանում աշխատանքային իրավունքների ամենատարածված խախտումներին, ապա դրանք հանդիպում են աշխատանքային հարաբերությունների մի քանի փուլերում: «Մի մեծ խումբ խախտումներ ի հայտ են գալիս աշխատանքային հարաբերությունները ձևակերպելիս: Աշխատողն ընդունվում է աշխատանքի բանավոր պայմանավորվածության հիման վրա: Բանավոր պայմանավորվում են և փորձաշրջանի, և վարձատրության մասին, և որևէ տեղ դա չի ամրագրվում: Շատ դեպքերում աշխատողը, իմանալով հանդերձ, համաձայնում է այդ պայմաններով աշխատել, քանի որ աշխատանք գտնելու խնդիր ունի: Որոշ դեպքերում տեղյակ չլինելու պատճառով համաձայնում է նման ձևով աշխատել, դե որովհետև փորձ չունի, հատկապես նորավարտները, ինչը նշանակում է, որ աշխատողը զիջեց որոշ իրավունքներ աշխատանք ձեռք բերելու համար: Կամ եթե անգամ ստորագրվեց աշխատանքային պայմանագիր, միշտ չէ, որ պայմանագրի պայմանները համապատասխանում են օրենսդրության պահանջներին»,-փաստեց զրուցակիցը' ավելացնելով, որ վատթարագույն պայմաններով էլ աշխատողը ստորագրում է աշխատանքային պայմանագիր, քանի որ նա պարզապես այդ աշխատանքի կարիքն ունի:

 

 

Մյուս խախտումներն աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում են ծագում, երբ աշխատանողն աշխատում է ոչ միայն սահմանված 8 ժամը, այլև սահմանված աշխատաժամանակից շատ, գիշերային աշխատանքի կարող է ներգրավվել առանց համաձայնության, հանգստյան կամ տոն օրերին կարող է աշխատել ու դրանց համար չվարձատրվել: «Սրանք աշխատանքի պրոցեսում շարունակական խախտումներ են, որոնց դեպքում աշխատողն ուղղակի չի բարձրաձայնում լրացուցիչ վճարի իր իրավունքի մասին: Մեկ հանգամանքի ուշադրություն դարձրեք, երբ այլևս դադարում են աշխատանքային հարաբերությունն երը, մի օր գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, աշխատողը նոր հիշում է իր խախտված իրավունքների մասին: Երբ աշխատում են, չեն ցանկանում հարաբերությունները վատացնել գործատուի հետ»,-ընդգծեց փաստաբանը:

 

 

Տարածված մյուս խախտումներից է ժամկետային պայմանագրեր կնքելը: Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ'դա համատարած պրակտիկա է: «Եթե հիմքեր չկան ժամկետային պայմանագիր կնքելու, գործատուն ի սկզբանե իրավունք չունի ժամկետային պայմանագիր կնքելու»,-ավելացրեց նա:

 

 

Մյուս խախտումները հանգստի իրավունքի հետ են կապված: Փաստաբանի խոսքով' գործատուն չի տրամադրում արձակուրդ, պատճառաբանում է, որ աշխատողը չի դիմել, չի ցանկացել գնալ արձակուրդ կամ իրավաբանորեն ձևակերպում են արձակուրդ, բայց աշխատողը փաստացի գտնվում է աշխատանքի մեջ: «Այսինքն' աշխատողը ռեալ ամենամյա արձակուրդը չի օգտագործում որպես հանգստի հնարավորություն»,-ասաց փաստաբանը:

 

 

Խախտումների մյուս խումբն էլ իրականացվում է աշխատանքից ազատման դեպքում: «Երբեմն գործատուն ճիշտ չի ձևակերպում աշխատանքից ազատումը, ժամանակին չի տալիս վերջնահաշվարկը, աշխատանքային գրքույկը: Մյուսը' աշխատանքից ազատման հրամանի պատճենն աշխատողին չի տրվում, իսկ քանի դեռ աշխատողն այդ հրամանի պատճենը չունի, նա համարվում է աշխատող: Նա պետք է տեղյակ լինի, որ ազատված է: Ազատումների դեպքում, գործատուն բացատրություն չի վերցնում աշխատողի կատարած արարքի մասին: Որպես կարգապահական տույժ կիրառում է ամենախիստը, բայց կագապահական տույժ կիրառելուց աrաջ պետք էր վերցնել բացատրություն, թե ինչու աշխատողն արեց այս կամ այն գործողությունը, ինչը հաճախ բացակայում է»,-հավելեց Հերիքնազ Տիգրանյանը:

 

 

Իսկ հարցին ի պատասխան, թե որ ոլորտների աշխատողներն են հատկապես խոցելի աշխատանքային իրավունքների խախտման տեսանկյունից' փաստաբանը նշեց. «Աշխատանք փնտրողների մեջ երևի ամենախոցելիները կանայք են կամ տղամարդիկ, ընդհանրապես, որոշակի տարիքից հետո: Իսկ աշխատանք իրականացնելու ընթացքում ավելի շատ խախտվում են շինարարական, ծառայությունների սպասարկման ոլորտների աշխատողների իրավունքները»: