Նաիրիտցիներն իրենց հետագա գործողությունների ռազմավարությունը պայմանավորում են «Նաիրիտի» հարցով Ազգային ժողովում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական լսումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: «Մինչ այժմ առաջնային էր աշխատավարձերի ստացման խնդիրը, որը պսակվեց հաջողությամբ: Ներկայումս շարունակելու ենք մեր պայքարը՝ վերագործարկման պահանջով: Քիմիական գործարանի մասնագետն աշխատանքի այլընտրանք չունի»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք սպասելու են կառավարության հետագա քայլերին: Մասնավորապես աշնանը' սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին «Նաիրիտի» հարցով խորհրդարանական լսումներ են անցկացվելու Ազգային ժողովում, որի մասին հուլիսի 28-ին հայտարարել է Ազգային ժողովում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը հայտնեց, որ աշխատանքից ազատվել է 1700 աշխատող: Ներկա դրությամբ, գործարանն ունի 500 աշխատակից, ովքեր անվտանգության աշխատակիցներ են:
Օգոստոսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մարել է «Նաիրիտ» գործարանի շուրջ 2400 աշխատակցի աշխատավարձի պարտքը: Աշխատավարձի գծով պարտքերը կազմել են մոտ 12-13 միլիոն դոլար: