«Հին Երևան» և «Ֆիրդուսի» թաղամասի ծրագրերի շինաշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից, որոնք ևս կնպաստեն շինարարության ոլորտի աճին: Այդ մասին Շինարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարրչապետի խոսքով՝ նշված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է մոտ 300 մլն դոլար: Այժմ ընթացքի մեջ են ծրագրերի նախագծային աշխատանքները: «Մեծածավալ շինարարական ծրագրեր են իրականացվելու նաև ճանապարհաշինության, ջրամբարաշինության ուղղությամբ: Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ոլորտում արձանագրվել է 0,6 տոկոսի տնտեսական աճ, և այն քայլերը, որոնք իրականացնում է կառավարությունը, համոզված եմ, կնպաստեն այս ոլորտի ակտիվությանը: Քայլեր ենք իրականացրել և ապագայում ունենալու ենք դրական տեղաշարժ: Մեր երկրի շինարարներն ունեն ավելի մեծ ներուժ, դրա համար պետք է փորձենք նրանց ապահովել աշխատանքով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետի համար ակնառու է նաև բնակարարանաշինության ճյուղում տնտեսական ակտիվության հնարավորությունը: «Կա խնդիր բնակարանների իրացաման հետ կապված, սակայն դա, կարծում եմ, ժամանակավոր է և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվել: Կառավարությունն իր մասնակցությունն է բերում կառուցապատողից գնվող բնակարանների ձեռքբերման հիփոթեքային վարկերի տոկոսների մարման գործընթացում»,- ընդգծեց վարչապետը: