Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից երեք ամիսների ընթացքում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ մաքսատուրքերի ազատման գործիքը գործադրվել է 6 ծրագրի վրա:
Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ ներդրումների ծրագրերը գնահատվել է 42 մլն դոլար, ներկրվող սարքավորումների արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609:
Կառավարությունն այս ընթացքում հավանության է արժանացրել ավելացված արժեքի հարկի՝ 3 տարով հետաձգման արտոնությունից օգտվելու 4 հայտի: Նախատեսվող ներդրումները գնահատվում են 5,26 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 206:
«Մաքսային ազատումների գործիքը 2015-ից է գործադրվել: Մինչ այսօր ընդհանուր առմամբ հավանության է արժանացել 68 ծրագիր՝ 668 մլն դոլարի փաթեթ: Ներկրվող սարքավորումները գնահատվել է 84 մլրդ դրամ: Ծրագրերով նախատեսված աշխատատեղերի թիվը կազմել է 6214, այս պահի դրությամբ ստեղծվածները 4045-ն են»,- ասաց Մինասյանը:
Կառավարությունն այսօր քննարկում է ևս 450 աշխատատեղերի ստեղծման ներդրումային ծրագրերի փաթեթ: «Շարունակում ենք կատարելագործել այս համակարգերը, աշխատանքներ ենք տանում առավել թափանցիկ դարձնելու գործընթացը, մոնիթորինգային բոլոր արդյունքները»,- ասաց նախարարը: