Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում ՀՀ կառավարությունը կիրականացնի «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի կառուցման և Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխանեցման աշխատանքներ: Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

 

 

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով և ՀՀ ԵՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով նախատեսված են սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացում:

 

 

Հայկական կողմը պարտավորվել է ապահովել համաձայնագրով նախատեսված միջոցառումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, ինչի նպատակով էլ կիրականացվեն «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման աշխատանքներ:

 

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան սահմանային հսկիչ կետերը հնարավոր է վերակառուցել Տավուշի մարզի Այրում համայնքի Երկաթուղային փողոց 32 և 34 հասցեներում տեղակայված արտադրական նշանակության համապատասխանաբար 0.37995 (հա) և 0.00659 (հա) մակերեսներով պահեստարանների վերակառուցման միջոցով՝ հաշվի առնելով կայարանի սահմանափակ հողամաս և երկաթուղային փակուղու առկայությունը, սակայն նշված տարածքները ներկայումս պատկանում են Էլլա Գեորգիի Մահտեսյանին և Գագիկ Մահտեսյանին՝ սեփականության իրավունքով և անհրաժեշտ է դրանք ձեռք բերելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 16 մլն 800 հազար դրամ»,- այդ մասին նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տարածքը ձեռք է բերվում Ռուսաստանի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով: